Sunday, 25 September 2011

Ինչպես երկարաձգել HTC Desire-ի մարտկոցի կյանքը

Այս գրառումը վերաբերում է HTC Desire-ին, բայց հաստատ օգտակար լինի նաև այլ հեռախոսների համար, հատկապես Անդրոիդ համակարգով աշխատող:

Երբ գնեցի HTC Desire-ս, օրերով չէի կշտանում, խաղում էի, նոր բաներ էի փորձում, ու բնական էր, որ մարտկոցը մի քանի ժամում նստում էր: Բայց երբ ագրեսիվ "տեստային" փուլն անցավ, նկատեցի, որ միևնույնն է, հեռախոսս էլի շուտ է նստում: Այն, որ Desire-ի մարտկոցն ամենահզորների շարքին հաստատ չի պատկանում, մինչ այդ էլ գիտեի (խոսելու ռեժիմ. մինչև 6ժ 40ր (2G) / 6ժ 30ր (3G); սպասման ռեժիմ. մինչև 340ժ (2G) / 360ժ (3G)), բայց որ էներգիան մինչև օրվա վերջ չդիմանար, այն էլ երբ քաղաքակրթությունից հեռու ես` սարերում ու ձորերում` հանգստանալով Երևանի ղժբժոցից, արդեն շատ էր:
Վերջապես մի քիչ ազատ ժամանակ, ու հարցս ուղղեցի մեկին, ով հաստատ պատասխան կարող էր տալ` Google-ին: Մի քիչ թափառեցի այս ու այն կայքերում, ու գտա մի քանի պարզ տրկյուկներ, որոնք կերկարացնեն խելախոսի մարտկոցի կյանքը:

Նախ, նշեմ այն ֆակտորների ցանկը, որոնք ամենաշատն են ազդում էներգիայի վրա.
  • Գործարկվող ափլիքեյշններ
  • Գեոլոկացիա
  • Ափլիքեյշնների սինխրոնիզացիա
  • Վիբրացիա
  • Էկրանի լուսավորություն
  • Wi-Fi
  • Mobile Network
  • Bluetooth
Ցանկը վախենալու է, եթե մտածենք, որ խելախոսի բոլոր խելացի հնարավորությունները պետք է դեակտիվացնել (էդ դեպքում էլ օգուտը ո՞րն է): Բայց փորձարկումների միջոցով կարելի է գտնել լավագույն համադրությունը ձեզ համար. ակտիվ թողնել որոշ բաներ, իսկ մնացածն անջատել մինչ պետք գալը: Գնանք հերթով:

Ափլիքեյշններ

Android համակարգով աշխատող հեռախոսներում գոյություն չունի "դուրս գալ ծրագրից" հասկացություն, ուղիղ իմաստով: Այսինքն, երբ ավարտում եք ծրագրի հետ աշխատանքն ու Home կոճակը սեղմում, ափլիքեյշնն ամբողջովին չի փակվում. այն շարունակում է աշխատել ֆոնի վրա ու ճիշտ է, ոչ շատ, բայց շարունակում է ծախսել մարտկոցի էներգիան: Մի ափլիքեյշնը վախենալու չէ, իսկ այ մի քանիսի բաց լինելու դեպքում խելախոսի էներգիայի ճակատագիրը որոշված է:
Գոյություն ունեն բազմաթիվ Task Killer ափլիքեյշններ, որոնք գտնում ու փակում են ֆոնային ռեժիմում կուտակված ծրագրերը, բայց ևս մի ափլիքեյշն, որպեսզի ուղղակի ծրագրե՞ր փակի: Նե-ա, կա ավելի պարզ միջոց:
Գնում ենք Menu => Settings => Running Services:

 

Այստեղ երևում են ընթացիկ սերվիսները: Որոնք հարկավոր չեն, կարելի է դրանք փակել: Ուղղակի tap արեք սերվիսի վրա, իսկ հետո` stop:

 

Հետո հարկավոր է վերադառնալ Applications մենյու ու ընտրել Manage Applications => Running:
Այստեղ բոլոր բաց մնացած ծրագրերն են: Ընտրեք այն ափլիքեյշնը, որը հարկավոր է փակել և սեղմեք Force stop: Վերջ, բոլոր չօգտագործվող ափլիքեյշնները փակ են:


Գեոլոկացիա

Գեոլոկացիոն ծրագրերը բավական շատ էներգիա են խլում, քանի որ փորձում են ձեր տեղադրությունը որոշել WiFi կետերով, GPS-ով: Նման ծրագրերից են Google Latitude-ը, Foursquare-ը, գեոքեշինգային խաղերը և այլն` չնայած, իհարկե, Google Latitude-ից հրաժարվելը ձեր գործն է: Շատերը երկու հնարավոր տարբերակներից` WiFi-ից ու GPS-ից, ընտրում են WiFi-ը, ենթադրելով, որ GPS-ը շատ է էներգիա ծախսում, բայց ես անձամբ գերադասում եմ հենց GPS-ը: Այն հատկապես օգտակար տարբերակ է քաղաքներից հեռու, որտեղ WiFi կապ չկա, իսկ արբանյակներն ամեն դեպքում հասանելի են: Իսկ դիրքի որոշման ճշտությունը մի քանի մետր է: Առավելությունն ակնհայտ է: Բացի դրանից, համակարգը միացնում է GPS-ը միայն պետք գալու դեպքում, օրինակ, երբ բաց է Google Maps-ը կամ Foursquare-ը: Եվ այսպես, գնում ենք Settings => Location և ընտրում ձեր գերադասած տարբերակը: Ինձ մոտ միացված է GPS-ը:

 

Ափլիքեյշնների սինխրոնիզացիա

Շատ ափլիքեյշններ ավտոմատ սինխրոնիզացիա են պահանջում: Դրանցից շատերը հույժ պետքական են, իսկ մյուսներն ուղղակի էներգիայի անիմաստ ծախսի պատճառ: Գնացեք Settings => Accounts & sinc:







Ինձ մոտ, օրինակ, սինխրոնացվում են Facebook-ը, Google-ը (մասամբ, սա էլ ուրիշ պատմություն է` կապված հեռախոսագրքի հետ, որի մասին կգրեմ մոտ օրերս), Twitter-ը և եղանակը: Հատուկ դեակտիվացրել եմ Flickr-ը, Last.fm-ը, Stocks-ը և այլ ծրագրեր: Եթե չեք ցանկանում, որ ծրագրերն ուղարկեն և ստանան տվյալներ ֆոնային ռեժիմում ցանկացած ժամանակ, անջատեք Background data-ն: Եթե չեք ցանկանում, որ ծրագրերն ավտոմատ սինխրոնացվեն, անջատեք նաև Auto-sync-ը: Ինձ մոտ ես դրանք միացրած եմ պահել, քանի որ քիչ ափլիքեյշններ եմ ընտրել սինխրոնիզացիայի համար: Ամեն հաշվահամարի տակ կան մի քանի ծառայություններ: Հարկավոր է դիտարկել նաև դրանք: Օրինակ, Google-ի դեպքում կան Google+, Contacts, Gmail և Calendar: Ես սինխրոնացնում եմ բոլորը, բացի contact-ներից:

Վիբրացիա

Օգտակար մի հատկություն աղմկոտ վայրում, որը խելախոսի մարտկոցի ամենամեծ թշնամիներից է: Ապա մտածեք` արդյոք ձեզ անհրաժեշտ է զգալ վիբրացիան մատների տակ անգամ սովորական տեքստ հավաքելիս: Համաձայն եմ, դա շատ հարմար է, բայց կարելի է սովորել նաև առանց դրա: Փոխարենը բավական շատ էներգիա կխնայեք: Վիբրացիան կարելի է հանել զանգի ու notification-ների վրայից, եթե հեռախոսն անձայն ռեժիմում չէ: Դրա համար հարկավոր է գնալ Settings => Sound և հանել Vibrate-ի վրայից նշումը: Մի անհանգստացեք, երբ հեռախոսը դնեք վիբրացիայով ռեժիմի վրա, այն կաշխատի, զանգ բաց չեք թողնի: Հանեք նաև Haptic feedback-ի նշումը: Դա հենց ստեղնաշարի վիբրացիան է:

 

Էկրանի լուսավորություն

Էկրանի լուսավորությունը կարելի է թուլացնել, դա նույնպես տնտեսում է մարտկոցի էներգիան: Գնացեք Settings => Display => Brightness և ընտրեք հարմար ու ոչ շատ պայծառ լուսավորություն: Ավելի շատ էներգիա խնայելու համար կարելի է փոքրացնել նաև միացված էկրանով ռեժիմի տևողությունը, օրինակ, 1 րոպեից իջեցնել 30 վայրկյան: Եվս մի "տրյուկ"` կապված էկրանի հետ. աշխատեք ընտրել մուգ wallpaper-ներ. սպիտակին մոտ գույներն ավելի վառ են ու դրանք պատկերելու համար ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, քան մուգ գույները: Աշխատեք խուսափել նաև անիմացիոն wallpaper-ներից:

 

Wi-Fi և Mobile Network

Մտածեք` արդյոք ձեզ տվյալ պահին պետք է ունենալ WiFi կապ, թե ոչ: Օրինակ, Երևանի փողոցներում հիմա շատ են WiFi կետերը, բայց եթե դուք տրանսպորտում եք, որտեղ չկան անլար կապի մոդեմներ, WiFi-ը միացրած պահելն անիմաստ է: Իհարկե, պահի տակ կարող եք կպչել որևէ "օբեկտի", կանգառի մոտ ապրող բարի կամ անֆայմ տանտիրոջ BAVO-ին, բայց դա ընդամենը մի քանի րոպեի կամ նույնիսկ վայրկյանի հաճույք է, պետք չէ դրա համար տանջել ձեր խելախոսին: Եթե տվյալ պահին ձեզ իսկապես պետք է կապ, ավելի խելացի կլինի օգտագործել օպերատորի կապը` Mobile Network-ը: WiFi-ը միացրեք անհրաժեշտ դեպքերում միայն: Նույնը վերաբերում է նաև օպերատորի կապին: Եթե տանն եք կամ օֆիսում ու արդեն միացել եք WiFi-ին, ապա ինչու՞ միացրած պահել Mobile network-ը: WiFi-ն անջատելու կամ միացնելու համար գնացեք Settings => Wireless & Networks և ընտրեք Wi-Fi, իսկ օպերատորի կապի համար ընտրեք Mobile network-ը:


 


Bluetooth

Bluetooth սերվիսը նույնպես շատ էներգիա է ծախսում: Չօգտագործվելու դեպքում այն պետք է անջատել: Գնացեք Settings => Wireless & Networks և անջատեք Bluetooth-ը:

Միացումները հեշտությամբ կառավարելու համար կարելի է էրանին ավելացնել Power Control widget-ը. դրա օգնությամբ կարելի է միացնել ու անջատել WiFi-ը, Bluetooth-ը, GPS-ը, սինխրոնիզացիան ու կարգավորել էկրանի լուսավորությունը: Widget-ն ավելացնելու համար էկրանի վրա գտեք ազատ տեղ, սեղմեք "+" նշանը ներքևի մենյուում, ընտրեք Widget, գտեք Power Control-ը:

 


Որպեսզի տեսնեք, թե ինչն է ամենից շատ էներգիա ուտում ձեր հեռախոսից, գնացեք Settings => About phone => Battery => Battery Use: Անձամբ ես արդեն վաղուց օպտիմալացրել եմ իմ մարտկոցի աշխատանքը, այնպես որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց եթե ձեզ մոտ շարունակ մի կամ մի քանի ափլիքեյշններ անընդհատ բաց են, ու դուք հաճախ եք դրանցից օգտվում, այստեղ կտեսնեք դրանց ծախսած էներգիան տոկոսային հարաբերությամբ: Հենց այդտեղից էլ կարող եք կառավարել ծրագրերի "վարքը": Ուղղակի պետք է tap անել կոնկրետ ափլիքեյշնին ու խաղալ կարգավորումների հետ:

 


Բացի այդ, գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնք օպտիմալացնում են մարտկոցի աշխատանքը: Եթե նկատեցիք, ինձ մոտ էկրանի վերևի ձախ անկյունում վահան կա, վրան` կարմիր կետ, ինչը նշանակում է, որ ինձ մոտ Mobile network-ը դեակտիվացրած է: Այս ծրագիրը կոչվում է Juice Defender: Երբ էկրանն անջատված է, ծրագիրն անջատում է որոշ connection-ներ, խնայելով էներգիա: Juice Defender-ն աշխատում է մի քանի ռեժիմով` balanced, aggressive, extreme, customized, advanced: Չեմ կարող ասել, որ այս ափլիքեյշնը շատ է օգնում էներգիայի խնայման հարցում (միջինում ինձ մոտ գործակիցը 1.15 է լինում), բայց հնարավոր է լինում շահել մոտ մի ժամ, որպեսզի տուն գնալիս տրանսպորտում վարորդի մուղամը լսելու փոխարեն սեփական սիրելի երաժշտությունը լսել:


No comments:

Post a Comment